Հռոմի պապ Ֆրանցիսկոսը առավոտյան Սուրբ Պետրոսի տաճարում սուրբ պատարագի ժամանակ ցեղասպանություն բառն է օգտագործել 100 տարի առաջ օսմանյան Թուրքիայում հայերի զանգվածային ջարդերի առնչությամբ։
BBC-ի փոխանցմամբ՝ Սուրբ Պետրոսի տաճարում Հայ կաթողիկե եկեղեցու ծիսակարգով մատուցված պատարագի ընթացքում, որին ներկա են եղել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ և Մեծի Տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսները, Հռոմի կաթոլիկ եկեղեցու քահանայապետը ասել է, որ վերջին հարյուրամյակում մարդկությունը վերապրել է «երեք զանգվածային և աննախադեպ ողբերգություն»։ «Առաջինը, որը լայնորեն համարվում է «20-րդ դարի առաջին ցեղասպանություն», պատուհասել է ձեր իսկ՝ հայ ժողովրդին»,- հայտարարել է Ֆրանցիսկոս պապը, ինչպես նշում է BBC-ն՝ գործածելով Հռոմի Հովհաննես -Պողոս պապի 2001 թվականի հռչակագրի ձևակերպումը։ Ֆրանցիսկոսը խոսել է նաև «նացիզմի ու ստալինիզմի կողմից գործադրված» ոճիրների մասին և ասել, որ դրանց հաջորդեցին այլ ցեղասպանություններ Կամբոջայում, Ռուանդայում, Բուրունդիում և Բոսնիայում։
Հռոմի պապը շեշտել է, որ իր պարտքն է հարգել նահատակվածների հիշատակը։
«Չարիքը թաքցնելը կամ ուրանալը նման է թույլ տալուն, որ վերքը արյունահոսի՝ առանց վիրակապելու»,- ասել է պապը։ BBC-ն հիշեցնում է, որ Ֆրանցիսկոս պապը հայերի հետ կատարվածի առնչությամբ ցեղասպանություն բառը առաջին անգամ օգտագործել է երկու տարի առաջ՝ հարուցելով Թուրքիայի կատաղի հակազդեցությունը, և կանխատեսում է պաշտոնական Անկարայի նույնպիսի արձագանք այս դեպքում ևս։ Associated Press լրատվական գործակալությունն էլ փոխանցում է, որ պապը այսօրվա արարողության ժամանակ նաև մեծարել է սուրբ Գրիգոր Նարեկացուն՝ նրան շնորհելով «Տիեզերական եկեղեցու վարդապետ» տիտղոսը, որին մինչ օրս արժանացել էր ընդամենը 35 մարդ։